| Հարություն Արամայիսի Յավրյան |
Ծնվել է 1947թ. սեպտեմբերի 13-ին Երեւանում, գերազանցությամբ ավարտել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային ֆակուլտետը: Աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում, Սպանդարյան շրջխորհրդի շինվերանորոգման վարչությունում, Երեւանի սպորտային բարձրագույն վարպետության մարզադպրոցում, ապա` Ֆիզկուլտուրայի եւ սպորտի Երեւանի քաղաքային կոմիտեում, որպես հրահանգիչ, նախագահի տեղակալ: Եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության վարչության պետ` կոլեգիայի անդամ, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության բաժնի պետ: Ընտրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար: Եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Եղել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական:
Ջրագնդակի հանրապետական կարգի մրցավար է, ՀՀ վաստակավոր մարզիչ, ունի ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում:
Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահության անդամ է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Նախասիրությունը` ընթերցում է քաղաքական գրականություն: |
|
|